ArtShipWay — Ծառայության պայմաններ
Действует с 16.09.2026
Этот документ на армянском языке. Юридическую силу имеет армянский текст; проверенный перевод пока не выполнен.
В открывшемся окне выберите «Сохранить как PDF», чтобы документ остался у Вас. Сохраняется действующая редакция (действует с 16.09.2026).
- 1Ծառայության էությունը։ ArtShipWay-ը մատուցում է երկու ծառայություն։ Առաջինը՝ «Գնիր Իմ Փոխարեն». հաճախորդի պատվերով, հաճախորդի անունից և նրա հաշվին գնում ենք ապրանք ամերիկյան առցանց խանութից, ստանում ենք այն մեր պահեստում, և առաքում Հայաստան՝ հաճախորդի նշած հասցեով։ Երկրորդը՝ «Ես Ինքս Կգնեմ». հաճախորդն ինքն է գնում ապրանքը և ուղարկում մեր տրամադրած ամերիկյան հասցեով, իսկ մենք ընդունում ենք ծանրոցը, բերում Հայաստան և առաքում հաճախորդին։ Երկրորդ ծառայության պայմանները շարադրված են 32-35-րդ կետերում։ Եթե սույն պայմաններում կետը չի նշում, թե որ ծառայությանն է վերաբերում, այն վերաբերում է երկուսին էլ։
- 2Հաճախորդը։ Ծառայությունից օգտվողը պիտի լինի չափահաս (տասնութ տարեկան և բարձր) և իրավունակ անձ։
- 3Անձը հաստատող փաստաթուղթը։ Պատվեր տալու համար անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալները՝ անուն, ազգանուն, փաստաթղթի տեսակ (անձնագիր կամ նույնականացման քարտ) և համար, քանի որ մաքսազերծման ժամանակ ապրանքի ներկրողը հենց հաճախորդն է։ Փաստաթղթի պատճեն կամ լուսանկար չենք պահանջում և չենք պահում։ Այդ տվյալները պահվում են ապահով և օգտագործվում են միայն մաքսազերծման ու առաքման համար։ Հաճախորդը պարտավոր է տրամադրել իրականությանը համապատասխանող տվյալներ. մենք դրանց հավաստիությունը ստուգելու հնարավորություն չունենք, ուստի անճշտության հետևանքով ծանրոցի ուշացման, կանգնեցման կամ լրացուցիչ ծախսերի պատասխանատվությունը կրում է հաճախորդը։
- 4Անձնական տվյալները։ Մենք հավաքում ենք միայն ծառայության համար անհրաժեշտ տվյալները (անուն, կապի միջոց, անձնագիր, հասցե, պատվերի տվյալներ)։ Դրանք չենք փոխանցում երրորդ անձանց, բացի մաքսազերծման և առաքման համար պարտադիր դեպքերից։ Պատվերների գրառումները պահվում են նույնիսկ հաշիվը ջնջելուց հետո՝ ֆինանսական և իրավական պահանջների պատճառով։
- 5Գինը։ Պատվերի պահին ցույց տրվող գինը հաշվվում է ապրանքի գնի և մեր գնահատած քաշի հիման վրա և հաճախորդի համար վերջնական է։ Ցույց տրվող գինը ուժի մեջ է յոթանասուներկու ժամ. եթե այդ ընթացքում պատվերը չի հաստատվում, գինը վերահաշվարկվում է, և հաստատումից առաջ հաճախորդին ցուցադրվում է նոր գինը։ Ապրանքի իրական քաշը մեր պահեստում կշռելուց հետո գնի վրա չի ազդում։ Ապրանքի արժեքին համապատասխանող գումարը հաճախորդը տրամադրում է մեզ պայմանագիրը կատարելու համար՝ որպես միջոց, և այն մեր եկամուտը չէ։
- 6Քաշի և մաքսի տարբերությունը։ Եթե իրական քաշը, մաքսատուրքը կամ պետական տուրքը տարբերվում են պատվերի պահին գնահատվածից, տարբերությունը՝ երկու ուղղությամբ, կրում ենք մենք։ Հաճախորդից լրացուցիչ գումար չենք գանձում, և գնի վերահաշվարկ չի կատարվում։
- 7Մաքսը։ Մաքսատուրքն ու պետական տուրքը ներառված են պատվերի պահին ցուցադրվող ընդհանուր գնի մեջ։ Դրանք վերջնականապես որոշվում են մաքսազերծման օրը մաքսային մարմնի կողմից՝ ըստ իրական քաշի, արժեքի և այդ օրվա պաշտոնական փոխարժեքի, սակայն այդ տարբերությունը հաճախորդի վրա չի տարածվում՝ սույն պայմանների 6-րդ կետի համաձայն։
- 8Փոխարժեքը։ Ապրանքի արժեքի փոխարժեքը կողպվում է վճարման պահին։ Հաճախորդը վճարում է հենց այն գումարը, որ տեսնում է, և դրանից հետո փոխարժեքի փոփոխությունը չի ազդում հաճախորդի վճարման ենթակա գումարի վրա։
- 9Վճարումը և դրա բաղադրիչները։ Վճարումն ամբողջական է և կատարվում է նախապես։ Վճարումից հետո պատվերն անցնում է վերջնական ստուգում։ Եթե լրացուցիչ ճշտում անհրաժեշտ չէ, գնումն սկսում ենք առանց անհարկի ուշացման, իսկ եթե ճշտում է անհրաժեշտ՝ գործում է սույն պայմանների 22-րդ կետի կարգը։ Վճարվող ընդհանուր գումարը բաղկացած է առանձին ցուցադրվող բաղադրիչներից՝ ① ապրանքի արժեքը, ② մեր ծառայության վճարը, որը ներառում է փոխադրման կազմակերպումը և դրա արժեքը, ③ մաքսատուրքը և պետական տուրքը, երբ դրանք կիրառելի են։ Մեր ծառայության վճարը սույն պայմանագրով սահմանված ինքնուրույն գումար է։ Դրա չափը որոշվում է պատվերի գինը հաճախորդին հայտնելու պահին, անփոփոխ նշվում է պատվերի հաստատման մասին մեր ուղարկած էլեկտրոնային նամակում և չի փոխվում մեր միակողմանի որոշմամբ։ Ապրանքի արժեքը, մաքսատուրքը և պետական տուրքը մեր ծառայության վճարի մաս չեն կազմում։
- 10Գնման ձախողումը։ Սույն կետը վերաբերում է «Գնիր Իմ Փոխարեն» ծառայությանը։ Եթե գնման պահին խանութում ապրանքի գինը բարձրացել է, տարբերությունը ծածկում ենք մենք և գնում ենք՝ պայմանով, որ այդ տարբերությունը չի գերազանցում ապրանքի գնի երեք տոկոսը և չի գերազանցում քսան հազար դրամը։ Հաճախորդի վճարած գումարն այդ դեպքում չի փոխվում։ Եթե տարբերությունն ավելի մեծ է, կամ ապրանքն այլևս հասանելի չէ, անհապաղ գրավոր տեղեկացնում ենք և վճարած գումարն ամբողջությամբ վերադարձնում ենք նույն վճարման եղանակով՝ երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
- 11Ապրանքի ընտրությունը։ Սույն կետը վերաբերում է «Գնիր Իմ Փոխարեն» ծառայությանը, իսկ «Ես Ինքս Կգնեմ»-ի դեպքում գործում է 35-րդ կետը։ Ապրանքի ընտրությունը, չափսը, գույնը և տարբերակը հաճախորդի պատասխանատվությունն է. մենք գնում ենք հենց այն ապրանքը, որ հաճախորդը հաստատել է։ Սակայն ապրանքի թերության կամ պայմանագրին անհամապատասխանության դեպքում հաճախորդն ունի օրենքով սահմանված բոլոր իրավունքները և իր ընտրությամբ կարող է պահանջել՝ թերության անհատույց վերացում, գնի համաչափ իջեցում, նույն կամ այլ ապրանքով փոխարինում, կամ պայմանագրի լուծում՝ վճարած գումարի վերադարձով և վնասների հատուցմամբ։ Այդ պահանջները ներկայացվում են մեզ։ Օրենքով սահմանված տեխնիկապես բարդ ապրանքների դեպքում փոխարինման և պայմանագրի լուծման պահանջները բավարարվում են ապրանքում էական խախտում հայտնաբերելիս, իսկ թերության աննշան լինելը ապացուցելու պարտականությունը մեզ վրա է։ Ապրանքի առաքման պահից մեկ տարվա ընթացքում հայտնի դարձած անհամապատասխանության առաջացման պատճառների ապացուցման պարտականությունը մեզ վրա է («Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 17.2)։ Թերության դեպքում ապրանքը հետ վերցնում ենք մեր հաշվին, իսկ մեծածավալ կամ հինգ կիլոգրամից ծանր ապրանքի տեղափոխումը երկու ուղղությամբ նույնպես մեր հաշվին է. սույն պայմանների 12-րդ կետով նախատեսված՝ վերադարձի ծախսերը հաճախորդի կրելը վերաբերում է միայն առանց պատճառաբանության հրաժարվելուն, ոչ թերության դեպքին։ Ապրանքի նկատմամբ մենք երաշխիքային ժամկետ չենք սահմանում. այդ պատճառով հաճախորդն իրավունք ունի ապրանքի թերության հետ կապված պահանջ ներկայացնել ապրանքը ստանալուց հետո ոչ պակաս, քան երկու տարվա ընթացքում։ Առևտրային երաշխիք մենք չենք տրամադրում. եթե արտադրողը կամ խանութը տալիս է իր երաշխիքը, այն գործում է իր պայմաններով և չի սահմանափակում սույն կետի իրավունքները։
- 12Պայմանագրից հրաժարվելու իրավունքը։ Հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության հրաժարվել պայմանագրից 14 օրվա ընթացքում։ Ծառայության մատուցման պայմանագրի դեպքում այդ ժամկետը հաշվվում է պայմանագրի կնքման օրվանից, իսկ ապրանքի մասով՝ ապրանքը փաստացի ստանալու պահից։ Եթե մեկ պատվերով մի քանի ապրանք է պատվիրվել և դրանք առաքվում են առանձին, ժամկետը հաշվվում է վերջին ապրանքը փաստացի ստանալու պահից, իսկ մի քանի խմբաքանակով առաքվելու դեպքում՝ վերջին խմբաքանակը փաստացի ստանալու պահից։ Հրաժարվելու մասին որոշումը հաճախորդը հայտնում է մեզ մինչև ժամկետի լրանալը, իսկ ապրանքը վերադարձնում է դրանից հետո՝ 14 օրվա ընթացքում։ Վճարած գումարը վերադարձնում ենք ոչ ուշ, քան որոշման մասին տեղեկանալու օրվանից 14 օրվա ընթացքում՝ նույն վճարման եղանակով, ընդ որում կարող ենք վերադարձը հետաձգել մինչև ապրանքը հետ ստանալը կամ մինչև հաճախորդի կողմից ապրանքն ուղարկելու ապացույց ներկայացնելը։ Ապրանքը մեզ վերադարձնելու ծախսերը կրում է հաճախորդը, ինչպես նաև ապրանքն իր նպատակային նշանակությամբ չօգտագործելու հետևանքով դրա արժեքի նվազեցումից առաջացած ծախսերը. այլ ծախս հաճախորդը չի կրում։ Այդ ծախսը ապրանքը մեր նշած հասցեով ուղարկելու փաստացի փոստային կամ սուրհանդակային արժեքն է՝ հաշվարկված հաճախորդի ընտրած փոխադրողի սակագնով և ապրանքի իրական քաշով, և հաճախորդն ազատ է ընտրել ցանկացած փոխադրող։ Հրաժարվելու մասին ծանուցումը ստանալուց հետո՝ մինչև ապրանքն ուղարկելը, մենք գրավոր հայտնում ենք վերադարձի հասցեն և այդ պահին գործող սակագներով հաշվարկված մոտավոր գումարը։ Այս իրավունքը չի գործում օրենքով նախատեսված հետևյալ բացառությունների դեպքում՝ ա) հաճախորդի հատուկ պահանջներով պատրաստված կամ անհատականացված ապրանք, բ) արագ փչացող, քայքայվող կամ որակը փոփոխող ապրանք, գ) առողջապահական կամ հիգիենիկ նկատառումներով կապարակնքված ապրանք, որը հաճախորդը բացել է, դ) ապրանք, որը մատակարարվելուց հետո իր բնույթով անքակտելիորեն միախառնվում է այլ ապրանքի հետ, ե) կապարակնքված ձայնագրություն, տեսագրություն կամ ծրագրային ապահովում, որը հաճախորդը բացել է, զ) թերթ, ամսագիր, գիրք կամ այլ տպագիր նյութ, է) աճուրդում կամ բորսայում կնքված գնում, ը) թվային կրիչով չմատակարարվող թվային բովանդակություն, որի կատարումը սկսվել է հաճախորդի անվերապահ նախնական համաձայնությամբ՝ իմանալով, որ դրանով կորցնում է հրաժարման իրավունքը, ինչպես նաև այն դեպքում, երբ ապրանքի կամ ծառայության գինը կախված է ֆինանսական շուկայի՝ մեզանից անկախ տատանումներից, և այն դեպքում, երբ ծառայությունը մատուցվել է ամբողջ ծավալով և պատշաճ որակով՝ հաճախորդի նախնական համաձայնությամբ և իրավունքի կորստի մասին նախապես տեղեկացնելուց հետո։
- 13Փոխադրման ռիսկը։ Ապրանքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը մինչև ապրանքը հաճախորդի կամ նրա նշած անձի կողմից փաստացի ընդունելը կրում ենք մենք («Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենք, հոդված 24.11)։ Կորստի կամ վնասվածքի դեպքում հատուցումը կատարվում է կետ 19-ի կարգով՝ լրիվ չափով։
- 14Առաքման ժամկետը։ Ապրանքը հանձնում ենք հաճախորդին պայմանագիրը կնքելուց հետո՝ ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում։ Ժամկետը բաղկացած է երկու մասից՝ ամերիկյան խանութից մեր պահեստ (կախված է խանութի առաքման արագությունից) և մեր պահեստից հաճախորդին։ Կոնկրետ պատվերի սպասվող ժամկետը հայտնում ենք պատվերը հաստատելիս։ Եթե այդ ժամկետում չենք առաքում, հաճախորդն իրավունք ունի սահմանելու լրացուցիչ ժամկետ, իսկ եթե դրանում էլ չենք առաքում՝ հրաժարվելու պայմանագրից և անհապաղ հետ ստանալու վճարած ամբողջ գումարը՝ կրած վնասների հատուցման պահանջով։ Այս ժամկետը վերաբերում է ավիաառաքմանը։ Եթե առաջարկվի և հաճախորդն ընտրի ավելի երկար այլ եղանակ, օրինակ՝ ծովային, ապա այդ եղանակի ժամկետը ցուցադրվում է ընտրության պահին և համաձայնեցվում առանձին՝ մինչև պատվերի ձևակերպումը։ Առանց այդպիսի առանձին համաձայնության գործում է սույն կետի երեսուն օրվա ժամկետը։ Սույն կետը վերաբերում է «Գնիր Իմ Փոխարեն» ծառայությանը. «Ես Ինքս Կգնեմ»-ի ժամկետը հաշվվում է 34-րդ կետով։
- 15Առաքման հասցեն։ Ճիշտ հասցեն և կապի տվյալները տրամադրելը հաճախորդի պատասխանատվությունն է։ Սխալ հասցեի կամ հաճախորդի անհասանելիության պատճառով կրկնակի առաքման ծախսը կրում է հաճախորդը։
- 16Արգելված և սահմանափակված ապրանքները։ Հայաստան ներմուծելու համար արգելված կամ սահմանափակված ապրանքի պատվերը մենք իրավունք ունենք մերժել կամ չեղարկել, և այդ դեպքում վճարած գումարն ամբողջությամբ վերադարձվում է առանց որևէ պահման։ Ապրանքի ներմուծելիությունը ստուգում ենք մենք՝ սույն պայմանների 26-րդ կետով նկարագրված կարգով, և հայտնաբերված սահմանափակման մասին տեղեկացնում ենք հաճախորդին մինչև վճարումը։ Հաճախորդից չի պահանջվում ինքնուրույն իմանալ ապրանքի մաքսային դասակարգումը կամ քանակական չափաքանակները։
- 17Բոնուսը։ Բոնուսը կուտակվում է դրամով և կարող է օգտագործվել հաջորդ պատվերների վճարման համար։ Բոնուսը դառնում է օգտագործելի անձը հաստատող փաստաթղթի տվյալների հաստատումից հետո։ Բոնուսը կարող է ունենալ գործողության ժամկետ. այդ ժամկետը ցուցադրվում է Ձեր անձնական էջում՝ բոնուսային հաշվի կողքին, բոնուսը տրամադրելու պահից։ Ժամկետը լրանալուց հետո չօգտագործված բոնուսը մարվում է։ Եթե ժամկետ սահմանված չէ, բոնուսը ժամկետով չի սահմանափակվում։ Բոնուսը, առաջին պատվերի զեղչը և կատարված պատվերների քանակից կախված հավատարմության զեղչը գնի անհատականացման միջոցներ են. դրանց հետևանքով նույն ապրանքի գինը տարբեր հաճախորդների համար կարող է տարբերվել։ Այդ միջոցները գինը միայն նվազեցնում են. մենք գինը չենք բարձրացնում հաճախորդի վարքագծի, սարքի կամ պատմության հիման վրա։ Չեղարկված կամ չկատարված պատվերի գումարը բոնուս չէ և բոնուս չի դառնում. այն հաճախորդի սեփական գումարն է և վերադարձվում է նույն վճարման եղանակով՝ սույն պայմանների 10-րդ և 22-րդ կետերի կարգով։
- 18Չեղարկումը։ Մինչ վճարումը հաճախորդը կարող է ազատ չեղարկել պատվերը։ Վճարումից հետո հաճախորդն ունի երկու առանձին իրավունք։ Առաջինը՝ սույն պայմանների 12-րդ կետով սահմանված՝ պայմանագրից հրաժարվելու իրավունքը։ Երկրորդը՝ ծառայության մասով պայմանագիրը ցանկացած ժամանակ լուծելու իրավունքը. այդ դեպքում հաճախորդը վճարում է մեր կատարած ծառայության այն մասին համարժեք գումարը, որը կատարվել է մինչև լուծման մասին ծանուցումը ստանալը, և հատուցում է լուծման հետևանքով մեզ պատճառված վնասները՝ այդ գումարի և ծառայության ամբողջ գնի միջև եղած տարբերության սահմաններում։ Մենք չեղարկման համար որևէ լրացուցիչ պայման կամ խոչընդոտ չենք սահմանում։
- 19Պատասխանատվությունը։ Մենք պատասխանատվություն ենք կրում օրենքով և սույն պայմաններով սահմանված կարգով, և հաճախորդին պատճառված վնասները հատուցվում են լրիվ չափով։ Պատասխանատվությունից ազատվում ենք միայն այն դեպքում, եթե ապացուցենք, որ պարտավորության կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, հաճախորդի կողմից ապրանքի օգտագործման, պահման կամ փոխադրման կանոնների խախտման, կամ երրորդ անձանց գործողությունների հետևանքով։ Ապացուցման պարտականությունը մեզ վրա է։
- 20Պայմանների փոփոխությունը։ Մենք կարող ենք թարմացնել այս պայմանները՝ դրանք հրապարակելով կայքում։ Փոփոխությունը գործում է միայն ապագայի համար. արդեն կնքված պայմանագրի նկատմամբ կիրառվում է պատվերի պահին գործող և հաճախորդի ընդունած տարբերակը, և այն միակողմանի չի փոփոխվում։
- 21Կապը։ Հարցերի դեպքում հաճախորդը կարող է կապվել մեզ հետ էլ. փոստով՝ info@artshipway.com։
- 22Ճշտումը և կապը հաճախորդի հետ։ Եթե պատվերը ստուգելիս պարզվի, որ ապրանքի որևէ մանրամասն պիտի ճշտվի (օրինակ՝ չափսը, գույնը կամ տարբերակը), մենք կապվում ենք հաճախորդի հետ։ Նախ զանգում ենք նրա նշած հեռախոսահամարին։ Եթե հեռախոսով կապ չհաստատվի, նամակ ենք ուղարկում նրա էլ. փոստին և սպասում ենք քսանչորս ժամ։ Եթե այդ ընթացքում ևս կապ չհաստատվի, պատվերը չեղյալ ենք համարում և վճարած գումարն ամբողջությամբ վերադարձնում ենք նույն վճարման եղանակով՝ երեքից հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Ուստի հաճախորդը պատվեր տալիս պիտի տրամադրի ճիշտ և գործող հեռախոսահամար ու էլ. փոստ։
- 23Կիրառելի իրավունքը և վեճերը։ Սույն պայմանները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։ Կողմերի միջև վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության դատարանների միջոցով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Բողոքի ներկայացման կարգը սահմանված է 24-րդ կետով, իսկ արտադատական միջոցները՝ 25-րդ կետով, ընդ որում դրանցից ոչ մեկը դատարան դիմելու նախապայման չէ։
- 24Բողոքի ներկայացումը և ուսումնասիրումը։ Հաճախորդը կարող է բողոք ներկայացնել էլ. փոստով՝ info@artshipway.com, կամ իր անձնական հաշվի միջոցով։ Բողոքում նշվում է պատվերի համարը, խնդրի նկարագրությունը և հաճախորդի պահանջը։ Բողոքի ստացումը հաստատում ենք մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ուսումնասիրում ենք և գրավոր պատասխանում ոչ ուշ, քան տասը օրվա ընթացքում՝ նշելով որոշման հիմքը։ Երբ բողոքը ապրանքի թերության վերաբերյալ պահանջ է, գործում են օրենքով սահմանված հատուկ ժամկետները և ոչ թե սույն կետի ժամկետը, այդ թվում՝ ապրանքի փոխարինումը՝ յոթ օր (որակի լրացուցիչ ստուգման դեպքում՝ քսան օր, իսկ փոխարինման համար անհրաժեշտ ապրանքի բացակայության դեպքում՝ երկու ամիս, որի ընթացքում հաճախորդի պահանջով երկարատև օգտագործման ապրանքի փոխարեն անհատույց տրամադրում ենք ժամանակավոր օգտագործման նմանօրինակ ապրանք՝ բացառությամբ օրենքով սահմանված ցանկի ապրանքների), թերության անհատույց վերացումը՝ քսան օր, իսկ գնի համաչափ իջեցումը, թերության վերացման ծախսերի հատուցումը և պայմանագրի լուծումը՝ տասը օր՝ պահանջը ներկայացնելու օրվանից։ Բոլոր բողոքները և դրանց պատասխանները գրանցվում են և պահվում։ Բողոքը մերժելու դեպքում պատասխանում հստակ նշվում են մերժման պատճառը և հաճախորդի հետագա հնարավորությունները՝ սույն պայմանների 25-րդ կետի համաձայն։ Բողոք ներկայացնելը որևէ ձևով չի սահմանափակում հաճախորդի՝ օրենքով սահմանված այլ իրավունքները և պայման չէ դրանք իրացնելու համար։
- 25Վեճերի լուծման արտադատական կարգը։ Բողոքի քննության արդյունքից գոհ չլինելու դեպքում հաճախորդը կարող է օգտվել հետևյալ արտադատական միջոցներից, որոնցով պարտավոր ենք ղեկավարվել նաև մենք։ Առաջին՝ բանակցություն։ Երկրորդ՝ հաշտարարություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով. հաճախորդի առաջարկով մենք պարտավորվում ենք մասնակցել հաշտարարությանը։ Երրորդ՝ անկախ մասնագիտական եզրակացություն. ապրանքի թերությունների առաջացման պատճառների վերաբերյալ վեճի դեպքում ապրանքի փորձաքննությունը կատարում ենք մեր հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում, և ենթարկվում ենք դրա եզրակացությանը։ Եթե փորձաքննությունը պարզում է, որ թերությունն առաջացել է ապրանքը հաճախորդին հանձնելուց հետո՝ օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, երրորդ անձանց գործողությունների կամ անհաղթահարելի ուժի հետևանքով, ապա փորձաքննության, ինչպես նաև դրա հետ կապված պահման ու փոխադրման ծախսերը հատուցում է հաճախորդը։ Հաճախորդն իրավունք ունի փորձաքննության եզրակացությունը վիճարկել դատական կարգով։ Չորրորդ՝ դիմում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ լիազորված պետական մարմնին։ Սույն կետով նախատեսված որևէ միջոց պարտադիր նախապայման չէ և ոչ մի ձևով չի սահմանափակում հաճախորդի՝ ուղղակիորեն դատարան դիմելու իրավունքը։
- 26Մաքսային կանոնները, որոնք վերաբերում են Ձեզ։ Ապրանքը ներմուծվում է հաճախորդի՝ որպես ֆիզիկական անձի անունով, ուստի կիրառվում են անձնական օգտագործման ապրանքների կանոնները։ Դրանք երեքն են։ Առաջին՝ մեկ ծանրոցի ընդհանուր նորմը. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 107 որոշման հավելված 1-ով փոխադրողի կողմից առաքվող ապրանքների համար առանց մաքսատուրքի ներմուծվում է մինչև երկու հարյուր եվրո արժեքով և մինչև երեսունմեկ կիլոգրամ քաշով ապրանք։ Այս շեմերը գերազանցելու դեպքում գերազանցող մասի նկատմամբ կիրառվում է մաքսատուրք։ Երկրորդ՝ քանակական չափաքանակները. երկու հազար քսանվեց թվականի սեպտեմբերի մեկից ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության N 715-Ն որոշումը, որով ամեն ապրանքատեսակի համար սահմանված է անձնական օգտագործման քանակ՝ օրինակ սառնարանը մեկ հատ, երաժշտական գործիքը երկու հատ, հագուստը՝ քաշով։ Առանձին ապրանքատեսակների համար այդ որոշմամբ սահմանված չափաքանակը զրո է, այսինքն դրանք անձնական օգտագործման կարգով չեն ներմուծվում. այդպիսին են, օրինակ, նստելու կահույքը և այլ կահույքը։ Չափաքանակը գերազանցելու դեպքում գերազանցող մասի արժեքից գանձվում է տասնհինգ տոկոս մաքսատուրք։ Երրորդ՝ ապրանքներ, որոնք անձնական օգտագործման չեն դասվում. նույն թիվ 107 որոշման հավելված 6-ով սահմանված է երեսուն կատեգորիա, որոնք ֆիզիկական անձի անունով անձնական օգտագործման չեն ներմուծվում, այլ միայն առևտրային կարգով՝ օրինակ ավտոմոբիլային և մոտոցիկլետային տրանսպորտային միջոցները, ներքին այրման շարժիչները, կենտրոնական ջեռուցման կաթսաները, բժշկական և գեղեցկության սրահի կահույքը։ Դեղամիջոցները ներմուծվում են առանձին կարգով՝ լրացուցիչ փաստաթղթերի պահանջով։ Ինչ անում ենք մենք. պատվերի պահին համակարգը ինքնաշխատ ստուգում է ապրանքը այս երեք կանոնի դեմ, և սահմանափակում հայտնաբերելու դեպքում ցույց է տալիս այն հաճախորդին մինչև վճարելը։ Եթե ապրանքը ինքնաշխատ չի ճանաչվում, ստուգումը կատարում է օպերատորը։ Վերջնական մաքսային որոշումը կայացնում է մաքսային մարմինը մաքսազերծման օրը, և սույն կետը տեղեկատվական բնույթ ունի։
- 27Լիազորությունը մեզ։ Ընդունելով սույն պայմանները՝ հաճախորդը լիազորում է մեզ իր անունից, իր համար և իր միջոցների հաշվին կատարել հետևյալ գործողությունները՝ ձեռք բերել պատվիրված ապրանքը վաճառողից, կազմակերպել դրա փոխադրումը և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, հանդես գալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում, կատարել մաքսային ձևակերպումներ և հաճախորդի անունից ներկայացնել մաքսային հայտարարագրեր։ Սույն կետով տրված լիազորությունը ներառում է նույն ծավալով այլ անձի՝ մասնավորապես մաքսային ներկայացուցչի կամ փոխադրողի, վերալիազորելու իրավունքը։ Եթե որևէ մարմին պահանջում է առանձին լիազորագիր, մենք կարող ենք խնդրել հաճախորդին տրամադրել այն. մինչև այդ լիազորագրի ստացումը համապատասխան գործողությունը կարող է հետաձգվել։ Մաքսատուրքն ու պետական տուրքը վճարում ենք մենք՝ հաճախորդի վճարած գումարից, և դրանք առանձին բաղադրիչ են ցուցադրվում սույն պայմանների 9-րդ կետի համաձայն. վերջնական և գնահատված գումարի տարբերությունը կարգավորվում է սույն պայմանների 6-րդ կետով սահմանված կարգով։ Հաճախորդն իրավունք ունի ցանկացած պահի հետ կանչել սույն լիազորությունը՝ դիմելով մեզ, ընդ որում հետկանչը գործում է այն պատվերների նկատմամբ, որոնց մաքսային ձևակերպումը դեռ չի սկսվել։
- 28Սխալի ուղղումը մինչև պատվերի հաստատումը։ Մինչև «Պատվեր՝ վճարման պարտավորությամբ» կոճակը սեղմելը հաճախորդը կարող է ուղղել ցանկացած անճշտություն՝ փոխել ապրանքի քանակը և տարբերակը, հանել ապրանքը ցանկից, «Վերադառնալ» կոճակով վերադառնալ նախորդ քայլ և ուղղել մուտքագրածը, կամ չեղարկել պատվերն ամբողջությամբ։ Յուրաքանչյուր քայլից հետո ցուցադրվում է ամփոփումը, որպեսզի սխալը երևա մինչև հաստատումը։ Հաստատումից հետո պատվերը այս ձևով այլևս չի խմբագրվում. ուղղման համար հաճախորդը կապվում է մեզ հետ սույն պայմանների 21-րդ կետով, և մենք ուղղում ենք, եթե գնումը դեռ չի սկսվել։ Սույն պայմանները առաջարկվում են բոլոր հաճախորդներին միատեսակ և պատվերի ձևակերպման ընթացքում չեն խմբագրվում։ Հաճախորդը, ով ցանկանում է այլ պայման, կարող է մինչև պատվերը դիմել մեզ սույն պայմանների 21-րդ կետով. համաձայնության դեպքում այդ պայմանը ձևակերպվում է գրավոր՝ առանձին, և գերակայում է սույն պայմանների նկատմամբ։ Առանց այդպիսի առանձին գրավոր համաձայնության գործում են սույն պայմանները այն տարբերակով, որ ցուցադրվել է պատվերի պահին։
- 29Ինչու է կոճակի սեղմումը համարժեք ստորագրության։ Պատվերը հաստատելիս հաճախորդի գործողությունը և դրա հետ կապակցված տվյալները միասին հաստատում են, թե ով է համաձայնել, ինչի հետ և երբ։ Գրանցվում և պահվում են՝ հաճախորդի հաշիվը, որով նա մուտք է գործել, հաստատման ամսաթիվը և ժամը, պայմանագրի տարբերակը և դրա ամբողջական տեքստը հենց այն տեսքով, որին համաձայնել է, հրաժարման իրավունքի վերաբերյալ համաձայնության հենց այն նախադասությունը, որ ցուցադրվել է, ինչպես նաև ընտրված վճարման եղանակը և գումարը։ Այս տվյալների ամբողջությունը նույնականացնում է հաճախորդին և արտահայտում է նրա կամքը, ուստի օրենքի իմաստով համարժեք է ձեռագիր ստորագրությանը։ Պայմանագրի տեքստը պահվում է անփոփոխ և ուղարկվում հաճախորդին էլեկտրոնային նամակով՝ PDF ֆայլով, որպեսզի նա ունենա իր պատճենը։
- 30Առաքման տարածքը։ Այս պահին առաքում ենք միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այլ երկիր առաքում չենք կատարում, և այլ երկրի հասցեով պատվեր չի ընդունվում։ Առաքման տարածքի փոփոխության դեպքում նոր տարածքը նշվում է կայքում մինչև պատվերի ձևակերպումը և գործում է դրանից հետո տրված պատվերների համար։
- 31Ծառայության թերությունը։ Եթե մեր ծառայությունը՝ գնման կազմակերպումը, փոխադրումը, մաքսազերծումը կամ առաքումը, մատուցվել է թերությամբ, հաճախորդն իր ընտրությամբ իրավունք ունի պահանջել՝ թերության անհատույց վերացում, ծառայության գնի համապատասխան իջեցում, ծառայության կրկնական մատուցում, կամ թերությունն իր ուժերով վերացնելու ծախսերի հատուցում, և ցանկացած դեպքում՝ թերության հետևանքով պատճառված վնասների լրիվ հատուցում։ Եթե թերությունը սահմանված ժամկետում չենք վերացնում կամ այն էական է, հաճախորդն իրավունք ունի լուծել պայմանագիրը ծառայության մասով և պահանջել վնասների լրիվ հատուցում։ Պահանջները ներկայացվում են 24-րդ կետի կարգով՝ ծառայության ընդունման ժամանակ կամ մատուցման ընթացքում, իսկ եթե թերությունը ընդունման ժամանակ հայտնաբերել հնարավոր չէր՝ ընդունման օրից վեց ամսվա ընթացքում, քանի որ ծառայության համար երաշխիքային ժամկետ չենք սահմանում։ Մեր մեղքով թույլ տրված էական խախտման դեպքում թերության անհատույց վերացման պահանջը կարող է ներկայացվել ընդունման օրից տասը տարվա ընթացքում։ Այս կետը վերաբերում է մեր ծառայությանը երկու ծառայության դեպքում էլ. ապրանքի թերության դեպքում գործում է 11-րդ կետը, իսկ «Ես Ինքս Կգնեմ»-ի դեպքում՝ 35-րդ կետը։
- 32Երկրորդ ծառայությունը՝ «Ես Ինքս Կգնեմ»։ Այս ծառայության դեպքում ապրանքը ընտրում, պատվիրում և վաճառողին վճարում է հաճախորդն ինքը. մենք ապրանք չենք գնում, չենք ընտրում և խանութին վճարում չենք կատարում։ Մենք հաճախորդին տրամադրում ենք ամերիկյան պահեստի հասցե՝ հաճախորդի անձնական ծածկագրով, որը պիտի նշվի ծանրոցի վրա։ Առանց այդ ծածկագրի ժամանած ծանրոցը մենք չենք կարող նույնականացնել։ Ծանրոցը մեր պահեստ հասնելուց հետո մենք այն ընդունում ենք, կշռում, տեղեկացնում ենք հաճախորդին, բերում ենք Հայաստան, կազմակերպում ենք մաքսազերծումը և առաքում ենք հաճախորդին։ Ծանրոցը մեր պահեստում պահում ենք անվճար՝ ժամանելու օրվանից երեք ամիս. այդ ընթացքում կապվում ենք հաճախորդի հետ և համաձայնեցնում հետագա քայլերը։
- 33Ապրանքի արժեքը «Ես Ինքս Կգնեմ»-ի դեպքում։ Քանի որ ապրանքը գնում է հաճախորդը, մենք չգիտենք դրա արժեքը, իսկ մաքսատուրքը և պետական տուրքը հաշվարկվում են հենց արժեքից, և դրանից է կախված նաև 26-րդ կետի՝ մեկ ծանրոցի նորմը։ Ուստի հաճախորդը ծանրոցը գրանցելիս նշում է ապրանքի արժեքը և կցում է գնումը հաստատող փաստաթուղթը՝ հաշիվը, պատվերի հաստատումը կամ անդորրագիրը։ Առանց հայտարարված արժեքի և հաստատող փաստաթղթի մենք ծանրոցը ծառայության մեջ չենք ընդունում և գին չենք հաշվարկում։ Մաքսազերծման ժամանակ ապրանքի ներկրողը հաճախորդն է, ուստի հայտարարվող տվյալների ճշտությունը նրա պատասխանատվությունն է, իսկ մենք դրանք փոխանցում ենք այնպես, ինչպես ստացել ենք։
- 34Ժամկետը «Ես Ինքս Կգնեմ»-ի դեպքում։ Այս ծառայության դեպքում մենք չենք վերահսկում, թե երբ է վաճառողը ծանրոցը հասցնում մեր ամերիկյան պահեստ, ուստի առաքման ժամկետը հաշվվում է ծանրոցը մեր պահեստ փաստացի հասնելու օրվանից՝ ոչ ուշ, քան երեսուն օր։ Ծանրոցի ժամանման մասին հաճախորդին տեղեկացնում ենք, և հենց այդ ծանուցման օրն է ժամկետի սկիզբը։ Եթե այդ ժամկետում չենք առաքում, հաճախորդն ունի 14-րդ կետով նախատեսված նույն իրավունքները՝ լրացուցիչ ժամկետ սահմանելու, իսկ դրանում էլ չառաքելու դեպքում՝ պայմանագրից հրաժարվելու և վճարած ամբողջ գումարը հետ ստանալու՝ վնասների հատուցման պահանջով։
- 35Ապրանքի պատասխանատվությունը «Ես Ինքս Կգնեմ»-ում։ Այս ծառայության դեպքում ապրանքի առք ու վաճառքի պայմանագիրը կնքվում է հաճախորդի և ամերիկյան վաճառողի միջև, մենք այդ պայմանագրի կողմ չենք և ապրանք չենք վաճառում։ Ուստի ապրանքի որակի, պայմանագրին անհամապատասխանության, թերի հավաքակազմի կամ սխալ ուղարկված ապրանքի պահանջները ներկայացվում են այդ վաճառողին, ոչ թե մեզ, և այդ մասով 11-րդ կետը չի կիրառվում։ Սակայն ապրանքի պատահական կորստի կամ վնասվածքի ռիսկը այն պահից, երբ ծանրոցը հասել է մեր պահեստ, մինչև հաճախորդին կամ նրա նշած անձին փաստացի հանձնելը, կրում ենք մենք լրիվ չափով՝ 13-րդ և 19-րդ կետերի կարգով։ Մեր ծառայության՝ ընդունման, փոխադրման, մաքսազերծման կամ առաքման թերության դեպքում գործում է 31-րդ կետը։
ArtShipWay-ի ծառայությունից հրաժարվելու իրավունքը
Դուք իրավունք ունեք 14 օրվա ընթացքում հրաժարվել պայմանագրից՝ առանց պատճառ նշելու։ Բացառություն է այն ծառայությունը, որի մատուցումը սկսվել է Ձեր հստակ հանձնարարությամբ և ամբողջությամբ կատարվել է։ Հրաժարվելու համար գրեք՝ info@artshipway.com։
Ապրանքի վերադարձը ամերիկյան վաճառողին առանձին կարգ ունի — տես պայմանների 12-րդ կետը, իսկ «Ես Ինքս Կգնեմ»-ի դեպքում՝ 35-րդ կետը։
Բողոքի կարգը
Ծառայության վերաբերյալ բողոքը կարող եք ուղարկել էլ. փոստով՝ info@artshipway.com, կամ հայտնել հեռախոսով՝ [հեռախոս]։ Նշեք պատվերի համարը և խնդիրը՝ պատասխանում ենք նույն կապի միջոցով։
Բողոքի ներկայացման և ուսումնասիրման կարգը սահմանված է Օգտագործման պայմանների 24-րդ կետով, իսկ վեճերի արտադատական լուծման միջոցները՝ 25-րդ կետով՝ բանակցություն, հաշտարարություն, անկախ մասնագիտական եզրակացություն և դիմում լիազոր պետական մարմնին։ Դրանցից ոչ մեկը դատարան դիմելու նախապայման չէ և չի սահմանափակում սպառողի՝ օրենքով սահմանված այլ իրավունքները։