ArtShipWay — Անձնական տվյալների քաղաքականություն

Effective from 23.09.2026

This document is in Armenian. The Armenian text is legally binding; a verified translation is not yet available.

Այս փաստաթուղթը բացատրում է, թե ArtShipWay-ը ի՛նչ անձնական տվյալ է հավաքում, ի՛նչ նպատակով, ո՛ւմ է այն հասնում, որքա՛ն է պահվում և ի՛նչ կարող եք պահանջել։ Կառուցված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հոդված 10-ի մաս 2-ի ութ կետով։

  1. 1

    Ո՞ւմ է վերաբերում

    Այս քաղաքականությունը վերաբերում է ամեն մարդու, ով ArtShipWay-ում հաշիվ է բացում կամ պատվեր է տալիս։ Ծառայությունից օգտվողը պիտի լինի չափահաս՝ տասնութ տարեկան և բարձր (պայմանագրի կետ 2)։ Երեխաների տվյալներ մենք գիտակցաբար չենք հավաքում։

  2. 2

    Ո՞վ է տվյալները մշակում

    Տվյալները մշակում է [իրավաբանական անվանում, ՀՎՀՀ], հասցե՝ [իրավաբանական հասցե], հեռախոս՝ [հեռախոս], էլ. փոստ՝ info@artshipway.com։ Ցանկացած հարց տվյալների մասին ուղարկեք այդ էլ. փոստին։

  3. 3

    Ի՞նչ իրավական հիմքով և ի՞նչ նպատակով

    Հիմքը Ձեր համաձայնությունն է, որ տալիս եք հաշիվ բացելիս և պատվերի պայմանները ընդունելիս, ինչպես նաև պայմանագիրը կատարելու անհրաժեշտությունը։ Նպատակը մեկն է և կոնկրետ՝ Ձեր անունից ապրանք գնել ամերիկյան խանութից, այն մաքսազերծել Ձեր անունով և հասցնել Ձեզ։ Այս տվյալները չենք օգտագործում գովազդի, պրոֆիլավորման կամ վաճառքի համար։

  4. 4

    Ի՞նչ տվյալ ենք հավաքում

    Ամբողջական ցանկը ներքևի աղյուսակում է՝ խմբերով։ Ցանկը հանված է համակարգի իրական սխեմայից, ոչ թե ընդհանուր ձևակերպումից։ Ավելին չենք հավաքում. եթե դաշտը աղյուսակում չկա, ուրեմն այն մեզ մոտ չկա։

  5. 5

    Ի՞նչ ենք անում այդ տվյալի հետ

    Հավաքում, գրանցում, պահում, ճշտում, օգտագործում ենք պատվերը կատարելու համար, փոխանցում ենք ներքևում թվարկված ստացողներին, և ոչնչացնում ենք, երբ նպատակը սպառվում է կամ երբ Դուք ջնջում եք հաշիվը։ Ավտոմատ որոշում, որ իրավական հետևանք ունենա Ձեզ համար, չենք կայացնում. գինը և մաքսային դասակարգումը հաշվարկվում են ծրագրով, բայց պատվերը հաստատում է մարդը։

  6. 6

    Ո՞ւմ են հասնում տվյալները

    Օրենքը պահանջում է նշել ստացողների ՇՐՋԱՆԱԿԸ, և ներքևում հենց այն է՝ չորս շրջանակ, ամենի դիմաց՝ ինչ է ստանում և որտեղ։ Այս շրջանակներից դուրս երրորդ անձի տվյալ չենք փոխանցում և ոչ մի դեպքում չենք վաճառում։ Ապրանքի էջը կարդացող և գինը հաշվող ծառայություններին գնում է ապրանքի հղումը, ոչ թե Ձեր տվյալը։ Կոնկրետ մատակարարների անվանումները առևտրային տեղեկություն են և չեն հրապարակվում. եթե Ձեզ պետք է իմանալ, թե Ձեր տվյալը ում է հասել, գրեք մեզ և կպատասխանենք՝ օրենքի հոդված 15-ի համաձայն։

  7. 7

    Ինչո՞ւ են տվյալները դուրս գալիս Հայաստանից

    Որովհետև ծառայությունն ինքը այնտեղ է իրականացվում. ապրանքը գնվում է ամերիկյան խանութից և ուղարկվում է ամերիկյան հասցեից։ Առանց առաքման հասցեն ԱՄՆ փոխանցելու պատվերը ֆիզիկապես անհնար է։ Օրենքի հոդված 27-ի մաս 1-ը թույլ է տալիս տվյալները այլ երկիր փոխանցել, երբ փոխանցումը բխում է մշակման նպատակներից և անհրաժեշտ է դրանց իրագործման համար։

  8. 8

    Որքա՞ն ենք պահում

    Ժամկետները ներքևի աղյուսակում են։ Ամենակարևորը՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները ջնջվում են հաշվի ջնջման պահին, անմիջապես։ Փաստաթղթի պատճեն կամ լուսանկար չենք հավաքում և չենք պահում։ Պատվերի գրառումները մնում են, բայց առանց Ձեր անվան, փոստի, հասցեի և հեռախոսի։

  9. 9

    Ինչպե՞ս ենք պաշտպանում

    Ամենաուժեղ պաշտպանությունը այն է, որ փաստաթղթի պատճեն ընդհանրապես չենք հավաքում — չգոյություն ունեցող ֆայլը արտահոսել չի կարող։ Բազայի տողերին հասնում է միայն սերվերը՝ ծառայողական բանալիով; հրապարակային բանալին Ձեր տվյալները չի տեսնում։ Կապը կայքի հետ գաղտնագրված է։ Օրենքի հոդված 19-ը այս միջոցները պարտականություն է դարձնում, ոչ բարի կամք։

  10. 10

    Ձեր իրավունքները

    Դուք իրավունք ունեք՝ իմանալու, թե ինչ տվյալ ունենք Ձեր մասին և ում ենք փոխանցել (հոդված 15); պահանջելու ուղղել սխալ կամ հնացած տվյալը; պահանջելու ուղեփակել կամ ոչնչացնել այն, եթե տվյալը ամբողջական չէ, ճշգրիտ չէ, հնացած է կամ նպատակի համար այլևս պետք չէ; հետ կանչելու համաձայնությունը; և բողոքարկելու մեր գործողությունները՝ և՛ մեզ, և՛ Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին, և՛ դատարան (հոդված 17)։ Պահանջն ուղարկեք info@artshipway.com հասցեով։

  11. 11

    Համաձայնությունը և դրա հետ կանչը

    Համաձայնությունը գործում է այնքան, քանի դեռ հաշիվը կա։ Այն կարող եք հետ կանչել ցանկացած պահի՝ ջնջելով հաշիվը անձնական էջից, կամ գրելով մեզ։ Հետևանքը հետևյալն է. առանց հաստատված անձնագրի նոր պատվեր հնարավոր չէ ընդունել, քանի որ մաքսազերծումը Ձեր անունով է կատարվում։ Արդեն ընթացքի մեջ գտնվող պատվերը հետ կանչելը կարգավորվում է պայմանագրով, ոչ այս փաստաթղթով։

  12. 12

    Հաշվի ջնջումը

    Հաշիվը ջնջվում է անձնական էջից, առանց մեզ գրելու, և կատարվում է անմիջապես՝ սեղմման պահին։ Մեկ բացառություն կա. եթե Ձեր պատվերներից որևէ մեկը վճարված է և դեռ ճանապարհին է, ջնջումը հասանելի է դառնում այն ավարտվելուց կամ չեղարկվելուց հետո։ Պատճառը գործնական է՝ մաքսազերծումը և առաքումը կատարվում են Ձեր իրական անունով ու հասցեով, և դրանք ճանապարհի կեսին ջնջելը կկոտրեր ընթացիկ առաքումը։ Չվճարված, ավարտված և չեղարկված պատվերները ջնջմանը չեն խանգարում։ Ջնջման պահին անհետանում են՝ մուտքի հաշիվը, պրոֆիլը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները։ Մաքրվում է նաև գնման հայտի այն պատճենը, որ պահվում է մատակարարի պատասխանների մատյանում՝ հասցեով և հեռախոսով հանդերձ։ Անանունացվում են նաև օպերատորի գործողությունների մատյանում պահված Ձեր անունը, հեռախոսը և նշումները. մնում է միայն այն փաստը, որ գործողություն է եղել։ Եթե ջնջումը խնդրում եք գրավոր՝ էլ. փոստով, կատարում ենք անհապաղ, բայց ամեն դեպքում ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ օրենքի հոդված 20-ի 2-րդ մասի համաձայն։ Մնում են պատվերի գրառումները՝ անանունացված, հարկային և իրավական պատճառներով (պայմանագրի կետ 4)։ Այսինքն՝ անձը անհետանում է, գործարքի փաստը մնում է։ Ջնջումը հետդարձ չունի։

  13. 13

    Ո՞ր ծառայությանն է վերաբերում

    Այս փաստաթուղթը վերաբերում է մեր երկու ծառայությանն էլ։ «Գնիր Իմ Փոխարեն»-ի դեպքում ապրանքը ամերիկյան խանութից գնում ենք մենք՝ Ձեր անունից, և առաքման հասցեն խանութին փոխանցում ենք մենք։ «Ես Ինքս Կգնեմ»-ի դեպքում ապրանքը գնում եք Դուք և ուղարկում մեր տրամադրած ամերիկյան հասցեով. այդ ժամանակ Ձեր տվյալները ամերիկյան խանութին փոխանցում եք Դուք ինքներդ, ոչ թե մենք, ուստի ստացողների շրջանակը այդ մասով ԱՎԵԼԻ ՆԵՂ է։ Փոխարենը այդ դեպքում մեզ եք տրամադրում ապրանքի արժեքը և գնումը հաստատող փաստաթուղթը, որոնք անհրաժեշտ են մաքսազերծման համար և փոխանցվում են մաքսային մարմնին և մաքսային ներկայացուցչին։

  14. 14

    Փոփոխությունները

    Այս փաստաթղթի տարբերակը նշված է վերևում։ Երբ բովանդակությունը էապես փոխվի, տարբերակը կփոխվի։ Էական փոփոխության դեպքում կտեղեկացնենք էլ. փոստով։

  15. 15

    Քուքիներ և տեխնիկական տվյալներ

    Կայքը դնում է միայն այն քուքիները, որոնք անհրաժեշտ են, որ Դուք մուտք գործած մնաք և ձևերը անվտանգ աշխատեն։ Գովազդային կամ վերլուծական քուքի չենք դնում, և Ձեր վարքագիծը չենք հետագծում։ Ինչպես ցանկացած կայքում, հարցումները անցնում են սերվերի միջով, և հոստինգի մատակարարի սպասարկման մատյաններում ժամանակավոր մնում են տեխնիկական տվյալներ՝ IP հասցե, զննարկչի տեսակ։ Մենք այդ տվյալները մեր աղյուսակներում չենք պահում, չենք կապում Ձեր հաշվի հետ և IP հասցեից Ձեր գտնվելու վայրը չենք որոշում։

Գույքագրումը մանրամասն

Ի՞նչ տվյալ ենք հավաքում

Հաշիվը

հաշիվը ջնջելիս՝ ջնջվում է
  • · էլ. փոստի հասցե
  • · անուն և ազգանուն
  • · հեռախոսահամար
  • · վերջին մուտքի պահը

Առանց հաշվի պատվեր չկա։ Էլ. փոստը նաև այն ալիքն է, որով ուղարկում ենք գնի հաստատումը և պատվերի վիճակը։

Անձը հաստատող փաստաթուղթը

հաշիվը ջնջելիս՝ ջնջվում է
  • · անուն և ազգանուն՝ ըստ փաստաթղթի
  • · փաստաթղթի տեսակը՝ անձնագիր կամ նույնականացման քարտ
  • · փաստաթղթի համարը

Մաքսազերծման ժամանակ ապրանքի ներկրողը հենց հաճախորդն է, ոչ թե մենք։ Առանց փաստաթղթի տվյալների ծանրոցը մաքսային սահմանը չի անցնում։ Պատճեն կամ լուսանկար չենք պահանջում — մաքսազերծմանը պետք են տվյալները, ոչ պատկերը։

Պատվերը և առաքման հասցեն

հաշիվը ջնջելիս՝ անանունացվում է
  • · առաքման հասցեն՝ մարզ, քաղաք, փողոց, և ամբողջական տողով
  • · ստացողի անունը և հեռախոսը
  • · պատվիրված ապրանքի հղումը, անվանումը, գինը և քաշը
  • · հետագծման համարը

Ապրանքը գնվում է ամերիկյան խանութից և առաքվում է Ձեր դռանը։ Հասցեն և հեռախոսը հենց այն են, ինչ առաքիչին է պետք։

Վճարումը

հաշիվը ջնջելիս՝ մնում է
  • · վճարված գումարը և արժույթը
  • · վճարման եղանակը
  • · վճարման հղումը կամ համարը
  • · բոնուսի շարժը

Հաշվապահական և հարկային պարտականություն է։ Առանց դրա վերադարձ, բողոք և հարկային հաշվարկ հնարավոր չեն։

Նամակագրությունը և ծառայողական գրառումները

հաշիվը ջնջելիս՝ անանունացվում է
  • · բողոքները և դրանց պատասխանները
  • · օպերատորի ազատ գրառումները պատվերի վրա
  • · օպերատորի գործողությունների մատյանը՝ ով, երբ, ինչ փոխեց (այդ թվում՝ հին և նոր անունը, հեռախոսը, նշումը)

Բողոքի ընթացքը պիտի հետագծելի լինի՝ պայմանագրի կետ 24-ի համաձայն։

Ո՞ւմ են հասնում

Ամպային ենթակառուցվածքի մատակարարներ — բազան, ֆայլերի պահոցը և կայքի սերվերը

ԱՄՆ

Ամբողջ հաշիվը, պատվերները և անձը հաստատող փաստաթղթի տվյալները

Գնման միջնորդը և ամերիկյան խանութը, որտեղից ապրանքը գնվում է

ԱՄՆ

Ստացողի անունը, առաքման հասցեն և հեռախոսը

Հաղորդակցության ծառայություններ — նամակների ուղարկումը և օպերատորի ներքին ծանուցումը

ԱՄՆ և միջազգային

Էլ. փոստի հասցեն, հաճախորդի անունը, պատվերի համարը և ապրանքների անվանումները

ՀՀ մաքսային մարմինը, մաքսային ներկայացուցիչը (բրոկերը) և ծանրոցը հանձնող առաքման ծառայությունը

Հայաստան

Անձնագրային տվյալները, հասցեն և ապրանքի նկարագրությունը

Որքա՞ն ենք պահում

Անձը հաստատող փաստաթղթի տվյալները

Մինչև հաշվի ջնջումը; ջնջման պահին հեռացվում են անմիջապես։ Փաստաթղթի պատճեն կամ լուսանկար չենք հավաքում և չենք պահում։

Օրենք, հոդված 19(1) — ոչնչացվում է այն, ինչ նպատակի համար այլևս պետք չէ։ Նաև հոդված 5(2) — մշակվում է նվազագույն ծավալով։

Հաշիվը՝ անուն, էլ. փոստ, հեռախոս

Մինչև հաշվի ջնջումը։

Օրենք, հոդված 19(1)։

Պատվերի և վճարման գրառումները

Ոչ պակաս, քան հինգ տարի՝ սկսած այն հաշվետու ժամանակաշրջանից, որին վերաբերում են։ Հաշիվը ջնջելուց հետո մնում են, բայց ԱՆԱՆՈՒՆԱՑՎԱԾ՝ առանց Ձեր անվան, փոստի, հասցեի և հեռախոսի։

ՀՀ հարկային օրենսգիրք, հոդված 33(1)(5)։ Նաև՝ պայմանագրի կետ 4։